Շուշիից տեղահանված թատերական 4 գործիչներ շրջիկ թատրոն են հիմնել և ստվերների յուրօրինակ խաղով հանդես են գալիս ՀՀ-ում և Արցախում։ Դրան զուգահեռ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար մեղվապահությամբ են զբաղվում, որը փոքրիկ բիզնես լինելուց զատ, հոգեբանական թերապիա է։

Կորցրին տուն, տեղ, աշխատանք, բայց չկորցրին հավատն ու կենսասիրությունը, գտան ուժ՝ ամեն ինչ զրոյից սկսելու։ Շուշեցի մի քանի թատերական գործիչներ Հայաստան տեղափոխվելուց հետո որոշեցին շարունակել սիրելի գործը, բայց դա անել ոչ թե թատրոններից որևէ մեկում, այլ իրենցը ստեղծել։ Այդպես երկրորդ կյանք ստացավ դեռ Շուշիում հիմնադրված «Հեքիաթների տունը», բայց այս անգամ անիվների վրա՝ որպես շրջիկ թատրոն։ 

Այս պատմությունը 4-ով են սկսել․ ռեժիսոր Հայկ Պապյանը, նկարիչ Արտակ Պողոսյանն ու դերասաններ Նվեր Ղարաբեկյանը և Գայանե Առուշանյանը։

Սեփական ձեռքերով պատրաստել են փայտե տիկնիկներ ու ստվերների ներկայացում բեմադրել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության հիման վրա։ Ստեղծագործության ընտրությունն էլ պատահական չի եղել․ Թումանյանի մի կաթիլ մեղրը մեծ կռվի պատճառ դարձավ, բայց արի ու տես, որ այս ներկայացման մեջ մեղուն ավերակների միջից մի կաթիլ հույս է գտնում, որը նոր կյանքի սկիզբ է դառնում։

Leave a Reply