ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։ Փոխվարչապետը ողջունել է Աբդուլլա Շահիդին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ և այն խորհրդանշական համարել, քանի որ այս տարի լրանում է ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության 30-ամյակը: 

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։

Leave a Reply