Անի քաղաքը հայկական ամենահայտնի մայրաքաղաքն էր, երգերում ու պոեզիայում գովերգված, պատմաբանների ուսումնասիրման առարկա դարձած,հայրերի ու պապերի երազանքների վայրը։ 

Ըստ պատմական աղբյուրների, այստեղ 263 եկեղեցի է կառուցվել՝ մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից հետաքրքիր ու մյուսին չնմանվող։ Ճակատագրի քմահաճույքով ամենից լավ պահպանված եկեղեցին Տիգրան Հոնենցի եկեղեցին է, որն ամենամոտն է Հայաստանի սահմանին։ Նախշազարդերն ու քանդակներն ուղղակի հիացնում են այցելուներին։ Ներսում հայկական հին եկեղեցիներին բնորոշ ոգին է, քրիստոնեական շունչը։

Թուրքիան՝ որպես պատմամշակութային հարստություն, Անին վերականգնելու համար տարիներ առաջ մեծ գումարներ է ստացել ՄԱԿ-ից, սակայն ստացված գումարները մսխվել են, և շինարարական աշխատանքները մնացել կիսատ։ Թեեւ շինարարական աշտարակներն (խառաչոները)  շատ եկեղեցիներում կանգնած էին, բայց գործ անող չկար։