«Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է աշխատել հանուն Արցախի փրկության, եղբայրական երկրների եւ համահայկական եռամիասնության հետ կապերի ամրապնդման»․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

 ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության պետական ​​կառավարման համակարգի առանցքային կառույցներից է։ Այն փորձություններով լի ճանապարհ է անցել, և պատմության յուրաքանչյուր հատված իր առանձնահատկությունները, իր դժվարությունները ուներ, որոնք ԱԳՆ-ն բավականին արդյունավետ կերպով  հաղթահարել է։ Հիմա մենք ևս մեր պատմության բավականին բարդ փուլում ենք, եւ շարունակում ենք պայքարել մեր երկրի ապագայի համար։ ԱԳՆ-ի կոլեկտիվը հետաքրքիր է. կան ե՛ւ դիվանագիտական ​​ծառայության վետերաններ, ե՛ւ երիտասարդներ, եւ բոլորին կապում են ընդհանուր շահերն ու արժեքները։ Մեր ավանդական նպատակներն անփոփոխ են։ Դա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, տարբեր երկրների եւ նրանց սուբյեկտների հետ կապերի զարգացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտիվության պահպանումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը։