Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները:

 Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը շնորհավորել է տանտերերին և ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին՝ Արցախի ժողովրդի կողքին հաստատուն կանգնելու առաքելության շրջանակներում ցուցաբերված նյութական ու բարոյական աջակցության համար:

Նշված 6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, «Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է բնակարանամուտ տոնող մեր հայրենակիցներին և մաղթում, որ մնան ու շենացնեն հայրենի Արցախը: