Արևմտյան Հայաստանի ներկայիս Սեբաստիա (Սիվաս) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է: Նշվում է, որ հայերն ու հույներն այստեղ հիմնականում բնակվել են նախքան Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետևանքով գյուղն ամբողջովին դատարկվում է, ինչից հետո էլ պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում: Հույս ունենալով, որ հայերից մնացած գանձեր կամ թանկարժեք իրեր կգտնեն՝ գանձ որոնողները շարունակաբար քանդում և վնասում են տեղացիների շրջանում նաև «խորհրդավոր գյուղ» անվանվող Աղըլի տները: Գանձագողերից բացի գյուղի ավերակները երբեմն հայտնվում են նաև լքված բնակավայրերով հետաքրքրվողների ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում:

«Համացանցում լքված գյուղերն ուսումնասիրելիս հայտնաբերեցի, որ Սիվասում այսպիսի տեղ կա: Տեսա, որ կենտրոնին էլ (Սիվաս քաղաք) շատ մոտիկ է, Քարայում և Հաջի Ալի գյուղերի միջև ընկած բարձունքի վրա է»,-թուրքական լրատվամիջոցին պատմել է լուսանկարիչ Գյոքհան Քարօղլուն: