2022թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:  «Այս ամենը կատարվում է այն պարագայում, երբ 2020 թվական նոյեմբերից կողմերի համաձայնությամբ հաստատվել է հրադադար և Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր՝ Արցախի ժողովրդի խաղաղությունն ապահովելու համար։  Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն Արցախում պատշաճ կերպով չի հաստատվել, իսկ ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ամենատարբեր առիթներ օգտագործելով ուժի կիրառմամբ այս կամ այն հարցերի շուրջ զիջումներ պարտադրելով։ Արցախի ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար նորից պայքարում է միայնակ։

Աշխարհի այլ կետերում տեղի ունեցող հակամարտությունների վերաբերյալ միջազգային մեդիան մեկ րոպե անգամ չի լռում, միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարություններով, աննկարագրելի ծավալների աջակցություն են ցուցաբերում, իսկ Արցախի ժողովրդին, որ տասնյակ տարիներով ուղղակի պայքարում է ադրբեջանական բռնապետության դեմ, անտեսում են։  Միջազգային կառույցների հարգելի՛ գործընկերներ, ձեր անհետևողականության, հակամարտությունը փորձագիտական դաշտում քննարկելուց այն կողմ չանցնող գործողությունների հետևանքով Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների։ Միթե՞ կարելի է այսքան բացահայտ երկակի ստանդարտներով առաջնորդվել, միթե՞ կարելի է քաղաքական շահերից կուրանալ ու անտեսել մարդկանց ու նրանց իրավունքները»,- գրել է Ստեփանյանը։