Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է։

Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու պահանջը կոպիտ խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ժամկետի (3 տարի), նոր ճանապարհի կառուցման, այդ ճանապարհի պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու տեսանկյուններից: Ի՞նչ խաղաղության (անգամ մտադրության) կամ ի՞նչ իրավունքների մասին է խոսքն այնպիսի պետության պարագայում, որ վարում է հայատյացության քաղաքականություն: Դա բացահայտ ուղղված է ոչ միայն արցախահայության` Արցախի բնիկ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դեմ: Ադրբեջանական հանցանքները, այդ թվում` կապված այսօր հայ զինծառայողի սպանության և մի շարք զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու հետ, այդ ամենի ուղիղ ապացույցն են: Ես շարունակում եմ պնդել, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։ Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղություն չի լինում միայն մեր Հայրենիքի ու մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության այն էլ շարունակական ոտնահարմամբ։ 

Leave a Reply