Հայերի  ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը: Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ: Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարևորության, 1988 թվականի երկրաշարժի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայերի ցեղասպանությունից փրկված ծնողներից:

Նա Հայերի ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդին է պատկանում:  Անտուան Ագուջյանը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքումմ  որտեղ շատ են հայերը, ինչի արդյունքում Ագուջյանը մանկուց յուրացրել է հայկական ավանդույթները, երգն ու պարը:  «Քաղաքում հայկական պարախմբեր կային, և ես հիշում եմ, որ հայրս ինձ պարի էր տանում: Երբ պարում ես, կարող ես պատկերացնել, որ ապրում ես Արևմտյան Հայաստանում: Մեծացել եմ հայկական մթնոլորտում ու ծանոթացել եմ հայկական ժառանգությանը: Մեծ հայրս զինվոր է եղել Հայերի ցեղասպանության ընթացքում և մեծ թվով հայերի է փրկել: Ինձ վրա ազդել է այդ ամենը»,-հիշում է լուսանկարիչն: