Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմա-ցեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, այլև պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից: Արևմտյան Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ: Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին: Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը: Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց: Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ:

Հայ մշակույթը մի նոր ծաղկում ապրեց Ք.ա. VI-IV դդ.: Նշված ժամանակներում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը բաժանվում էին երկու խմբի: Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից: Հասկանալի է, որ դրանք օգտագործել են հարուստ մարդիկ: