1938 թվականի հունիսի 9-ին  երկու իրավական դեկրետներով որոշում կայացվեց Դերսիմում  ռազմական գործողություններ կազմակերպելու վերաբերյալ: Քանի որ գործողությունը տևելու էր ավելի քան մեկ ամիս,  հնարավոր բախումներին պատրաստ լինելու համար ցամաքային, օդային և ժանդարմերիայի ստորաբաժանումներին տրվեց խիստ հանձնարարություն։ Դրան հաջորդեց ռազմական գործողության պլանավորումը։ Պլանը որոշվել է Գլխավոր շտաբի, վարչապետի և համապատասխան նախարարությունների գրավոր համաձայնությամբ:

1938 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով որոշվեց, որ ութ հոդվածներով նախատեսված գործողությունը կսկսվի չորս օր անց։ Ըստ հրամանագրի թիրախում եղել են Թուրքիայի քաղաքացի Դերսիմցիները։

Կառավարության գործառնական հրամանագիրը ապօրինի էր ու գաղտնի: Համապատասխան հրամանագիրը կառավարության հրամանագրերի արխիվի գրանցամատյանում չի գրանցվել։ Ո՞րն էր կառավարության նպատակը։ Ինչո՞ւ է սահմանադրությամբ և օրենքով գոյություն ունեցող իշխանությունը թաքցրել իր որոշումը, թե ինչ անել «Դերսիմում Թուրքիայի քաղաքացի Դերսիմցիների հետ»։ Իհարկե, պետք է լինի իրավական քննարկում։ Վերլուծությունից պարզ է դառնում, որ դա եղել է ջարդի հրամանագիր։ Ռազմական գործողության համաձայն Դերսիմում քարը քարի վրա չէր մնալու, և այդպես էլ արվեց։ 13160 դերսիմցիների և 122 ոստիկան-զինվորների (ներքին գործերի նախարարություն) մահը, քարտեզից տասնյակ գյուղերի ջնջումը և հազարավոր դերսիմցիների տեղահանումը հասկանալի դարձրեցին Դերսիմ-38 գործողության «որակը»։ 1953 թվականին Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նուրի Յամուտը գրում է, որ Դերսիմի ռազմական գործողության մեջ «գործում էին պատերազմական դրույթներ»։ Սա ոչ թե երկու ճակատների բախում էր, այլ պետության կողմից որոշված ​​պլանի իրականացում՝ «պատերազմական իրադրությունում»։

Վերծանելով պաշտոնական լեզուն, գրառումներում նշված «ամեն սարի ու քարի մանրակրկիտ ուսումնասիրումը» համարվում էր «պատերազմ», շտաբի պետի խոսքով՝ «ավազակ» կամ «ապստամբ» կոչվում էր  այն Դերսիմցին, որը չէր լքել իր՝ արգելված գոտում գտնվող գյուղը: Իսկ արգելված գոտում բնակվող մարդկանց արգելված էր մշակել սեփական հողը, քաղել սեփական այգիների պտուղները և ազատ շնչել իրենց տներում: Այդ արգելքին չենթարկվողը «ապստամբ» դերսիմցին  էր։

«Արգելված գոտու» իրավական հիմքը 1934 թվականի հունիսի 14-ի և Կարգավորման մասին  թիվ 2510 օրենքի 2-րդ հոդվածն էր, որի նպատակն էր «լեզվի, արյան և մշակույթի միասնությունը»։ Կարգավորման մասին օրենքը ըստ էության ազգայնամոլական ​​էր, և դա  երևում է յուրաքանչյուր հոդվածում: Այն պատրաստվել է «թուրք ազգ» եզրույթի հիման վրա: Օրենքի համաձայն մարդիկ դասվում էին երկու խմբի՝ մշակույթով և մայրենի լեզվով, ինչպես նաև կրոնով՝ սունի մահմեդական թուրքեր,  իսկ մնացածը համարվում էին այլախոհներ: Դերսիմը վերջինին էր պատկանում: Փաստորեն, Օսմանյան կայսրության 18, իսկ Հանրապետության՝ 15 զեկույցներում, որոնք պատրաստվել են «Դերսիմը բարեփոխելու» հիմքով, գրվել է, որ իրական խնդիրը դերսիմցիների լեզուն ու կրոնն է։

Գաղտնի հրամանագրում շատ հստակ գրված էր, որ Թուրքիայի քաղաքացի Դերսիմցիներին թիրախ էին դարձրել, որպեսզի Դերսիմը մաքրվի և հազարավոր դերսիմցիներ արտաքսվեն, իսկ 1500-ը կբաշխվեին որոշ արդյունաբերական կենտրոնների միջև՝ որպես աշխատուժ։