Ռամադան ամսվա վերջին երկու օրն էր։ Շաբաթներ շարունակ Բուրսայի փողոցներում մի կաթիլ անձրև չէր տեղացել․ շուկայում ու փայտե տների սենյակներում շշուկներ էին տարածվում։ Խոջա մի կին տանը հյուրընկալված մյուս կանանց ասում էր․ «Այս երաշտի և մեր աղոթքների՝ տեղ չհասնելու պատճառն այդ հայերն են, որոնց եկեղեցիների չափերը մեծանում ու մեծանում են։ Տերը պատժում է մեզ»։ «Տղամարդիկ անելիք չունեն․ մենք՝ կանայքս, պետք է մի հնար գտնենք»,-շարունակում էր ափերից դուրս գալ նա։ Կանանց միջից մեկը ոտքի թռավ՝ ասելով․ «Պետք է հրկիզել, եկեղեցին էլ, թաղամասն էլ»։ Իսկ հետո՞։ Ոչ ոք չէր մտածում դրա մասին։ «Եթե Ալլահի ստրուկները պատժեին անհավատներին, Տերը ներելու էր նրանց, երաշտն ավարտվելու էր, և աղոթքներն՝ ընդունվելու»։

Առաջին հայերը Բուրսայում

Մեր պատմությունն ամբողջացնելու համար հարկ կլինի մի փոքր հետ գնալ և 15-րդ դար հասնել։ Մեհմեդ Չելեբին (Մեհմեդ Առաջին՝ Օսմանյան պետության սուլթանը 1413-1421 թթ․-Ակունքի խմբ․), որպես իր ուժը վերականգնած պետության կնիք, Բուրսայում կառուցել է տալիս «Յեշիլ» (Կանաչ-Ակունքի խմբ․) քյուլլիյեն (Օսմանյան կայսրությունում իսլամական հոգևոր դպրոցներին՝ մեդրեսեներին տրվում էր նաև այդ անվանումը՝ համալսարանի իմաստով-Ակունքի խմբ․)։ Ասում են, թե ձմեռային օրերին, երբ մահմեդական համայնքի ցեղոտ հողաթափերը մաքրող մարդկանց կարիքն է զգացվում, սուլթանը մզկիթի շուրջ գտնվող Սեթբաշը թաղամաս 10 տուն հայ է բերում Քյութահիայից (Կուտինա-Ակունքի խմբ․), մինչև իսկ անվճար ուտելիք է ապահովում նրանց համար։ Բուրսայի հայության արկածներն այդպես են սկսվում։ 16-րդ դարում Բուրսա ժամանած Սիմեոն Լեհացին պատմում է, որ մի փոքրիկ փայտաշեն եկեղեցու շուրջ կառուցված տներում շուրջ 300 հայ էր բնակվում։ Այդ փոքր փայտաշեն եկեղեցին հոդվածիս գլխավոր հերոսը հանդիսացող եկեղեցու նախահայրն է, որ գտնվել է նույն տարածքում։ Ինչպիսի՜ պատահականություն, որ այսօր այդ եկեղեցու հիմքերն անգամ մեր օրեր չեն հասել, իսկ դրա վրա կառուցվել է Բուրսայի քաղաքային գրադարանը։ Մեր ժամանակներ հասած միակ եկեղեցին Ցեղասպանության ընթացքում Բուրսայից աքսորված հայերից դատարկված կաթոլիկ եկեղեցին է, որը որոշ ժամանակ օգտագործվել է որպես ծխախոտի պահեստ, ապա՝ սիգարետի արտադրամաս։

Ի՞նչ անկարգություններ հրահրեցին եկեղեցու նոր պատուհանները

Վերադառնանք մեր պատմությանը։ Իրականում հայերը պատուհաններն ավելացրել էին զուտ այն նպատակով, որ Բուրսայում գտնվող իրենց միակ եկեղեցում լուսավորությունը շատանա, և Ավետարան ընթերցելը դյուրին դառնա։ Հայերը եկեղեցու տանիքը վերանորոգելուց հետո նաև արտաքին պատերն էին ներկել։ Ինչպես երևում էր, այդ վերանորոգումը ոմանց անհասկանալի անհանգստություն էր պատճառել։ Քաղաքում հրահրվելիք անկարգությունների ծրագրերը մինչև իսկ նախապատրաստվել էին Նիզամզադե Նիզամեդդին և Ջաբիզադե Մուստաֆա անվամբ երկու ուլեմայի (կրթություն ստացած մուսուլման հոգևորական-Ակունքի խմբ․) կողմից։ Գավառներում շրջող և քարոզող իմամներին հրահանգվել էր տարածել այն սադրիչ լուրը, թե իբր «հայերը, առանց Նորին մեծություն սուլթանի թույլտվության, քանդել են իրենց եկեղեցին ու նորը կառուցել»։ Ոչ մի մանրամասն աչքաթող չէր արվել։ Կանանց ևս ընդգրկել էին այդ գործում։ Կանայք էլ տուն առ տուն շրջելով՝ պետք է փոխանցեին «Ալլահի բարկության» մասին։

Թիրախը հայկական եկեղեցին էր

Սադրանքի «կրակն» սկսել էր տարածվել ամբողջ Բուրսայում։ Ռամադան ամսվա 29-րդ օրն էր, երեկոյան կողմ։ Թերևս հասարակ ժողովուրդն ակնկալում էր, որ մոտալուտ տոնն իր հետ բարօրություն կբերի, գործերը կլավանան, և վերջապես անձրև կտեղա, որը կզովացնի քաղաքը։ Մի աղմուկ էր լսվում քաղաքի փողոցներում․ մարդիկ զարմացած նայում էին տների պատուհաններից։ Հազարի չափ կանայք՝ ձեռքներին ջահեր, շարժվում էին դեպի Սեթբաշը, այսինքն՝ հայկական թաղամաս։ Իրենց շուրջն էին հավաքել նաև շուրջ 50 ավազակների։ Գազազած կանայք եկել էին եկեղեցու մոտ։ Միաբերան գոռում էին․ «Մեր տղամարդիկ այլևս ուժ չունեն։ Երաշտն ու չքավորությունը պարուրել են մեր քաղաքը։ Միակ պատասխանատուն դու՛ք եք»։ Երբ վրդովմունքի այդ խոսքը հնչեց, կանանց միջից մեզ ծանոթ մի ձայն լսվեց։ Խոջա կնոջ ձայնն էր․ «Առանց մեր սուլթանի թույլտվության եք կառուցել այս եկեղեցին՝ քադիին (դատավոր-Ակունքի խմբ․) կաշառք տալով։ Աբդուլլահ էֆենդին է մեզ այդ լուրը հասցրել»։ Երբ եկեղեցու վերանորոգմամբ զբաղվող բանվորները փորձեցին կանանց խոչընդոտել, հազարի չափ կանայք և ավազակները հարձակվեցին ու հեռացրեցին նրանց։ Այժմ խառնակչության կրակը տարածվելու էր և եկեղեցուն հասնելու։ Մի պահ Բուրսայի երկինքը պատվեց ոչ միայն եկեղեցուց, այլ նաև շրջակայքում գտնվող հայկական տներից ելնող ծխով։ Սակայն կանայք չբավարարվեցին դրանով։ Նրանք սկսել էին կողոպտել իրենց շուրջ գտնվող ամեն ինչ։ Կանայք և նրանց միացածները նաև սպանեցին բազմաթիվ հայերի։ Եկեղեցին ու թաղամասն այրվում էր։ Երբ հայերը սարսափի մեջ փախնելու տեղ էին որոնում, նրանց միջից մի քանիսը փորձում էին հանգցնել կրակը։ Ռամադան ամսվա այդ 29-րդ օրը դարձավ Սեթբաշը թաղամասի և Բուրսայի ամենադաժան օրերից մեկի ականատեսը։

Լույս սփռող զեկույցները

Վերոնշյալ բոլոր դեպքերի ընթացքին հետևելու հնարավորությունը մեզ ընձեռել են այդ հարձակումից հետո հայկական համայնքի իրավասուների կողմից դատարան դիմելուց շնորհիվ օսմանյան կառավարության մեկնարկած լայնածավալ հետաքննությունների արդյունքում պատրաստված զեկույցները։ Երկու տարի շարունակ մի անկախ դատական կատարածուի կողմից իրականացված հետաքննության արդյունքում բազմաթիվ դատավարություններ են կատարվել։ Անշուշտ, այդ դեպքերի ամբողջ պատասխանատվությունը միայն մեկ մարդու վրա դնելը պատմական սխալ կլինի, սակայն հարկ է նշել, որ տվյալ ժամանակաշրջանում այդ կողմերի երևելիներից Էսադ էֆենդին էր դեպքերը հրահրողներից մեկը, որովհետև տեղի բնակիչներին չէր փոխանցել վերին ատյաններից ստացված թույլտվությունը՝ եկեղեցու վերանորոգման մասին, և տեղիք տվել «կաշառքի» և «առանց սուլթանի թույլտվության» վերաբերյալ զրպարտանքներին։ Ինչ վերաբերում է այս դեպքերի գլխավոր սադրիչներին և կազմակերպիչներին, ապա նրանք տվյալ ժամանակաշրջանին վայել մահապատժի կամ նմանատիպ ծանր պատժի չէին ենթարկվել։ Ընդամենը բավարարվել էին Նիզամզադեին ու Ջաբիզադեին, ինչպես նաև՝ Դելի Մոլլային Բոզջա կղզի աքսորելով, քանի որ հետաքննության արդյունքում պարզվել էր, որ վերջինս օգնել էր նրանց։ Իսկ պատիժ ստացած ամենազարմանալի անձինք այդ եկեղեցու վերանորոգման համար նյութեր տրամադրած պատուհանագործներն էին։

Արձանագրություններում հիշատակվող Բոլուլու Հովհաննեսի, Չինգանեօղլու Ավետիսի, Արաբօղլու Պետրոսի, Քույումջու Քոջաբայըզօղլուի վերաբերյալ վճիռ էր կայացվել նրանց աքսորել Բուրսայից հեռու մի տեղ և թույլ չտալ, որ այդ կողմերում որևէ գործ անեն։ Ինչ վերաբերում է այդ հրկիզման գործն ի կատար ածած կանանց ճակատագրին, ապա նրանց վերաբերյալ որևէ տեղեկություն դժբախտաբար չկա։ Թերևս նրանց թվի մեծ լինելուց ելնելով՝ հետաքննության արդյունքում յուրաքանչյուրին մեկ առ մեկ հայտնաբերելով՝ հեռու են պահել դատական գործընթացից։ Բնականաբար, այդ հարձակման հետևանքով Բուրսայի հայերի եկեղեցին այնպիսի վիճակի էր հասցվել, որ անհնար էր դարձել այն օգտագործել։ Սուլթանական ատյանի որոշման համաձայն՝ թույլ էր տրվել մի նոր եկեղեցի կառուցել, որը չպետք է գերազանցեր նախկին եկեղեցու չափերը։ Եվ տեղի բնակիչներին հորդորել էին չխառնվել նրանց գործին։ Այդպիսով Օսմանյան պետության՝ փոքրամասնությունների ուղղությամբ վարած քաղաքականության մեջ աննախադեպ թույլտվություն էր ստացվել։ Լա՛վ, իսկ եթե ոչ թե եկեղեցի, այլ որևէ մզկի՞թ հրկիզվեր։ Այդ հարցի պատասխանը ձե՛զ եմ թողնում։ Սակայն սույն դեպքը մի օրինակ է՝ առ այն, թե օսմանյան հանրությունը կազմող խմբերն ինչպես կարող են մի փոքրիկ կայծից «բռնկվել», ինչպես դա տեսնում ենք նաև 1909 թ․ Ադանայի պոգրոմի և մինչ այդ Բուրսայում հրկիզված մեկ այլ եկեղեցու օրինակներում։

Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այս հոդվածի արխիվային մասն ինձ փոխանցած և թեմայի վերաբերյալ անեկդոտները հաղորդած Իսմայիլ Յաշայանլարին և հոդվածի հրապարակման գործում աջակցած Գյուվեն Բայարին։

Ագահ Էնես Յասա

Գրականություն

YAŞAYANLAR, İsmail, ‘’ Bir Arada Yaşama Kültürünün Zedelenmesi:1794 Bursa Ermeni Kilisesi Yangını Örneği’’, Ermeni Sempozyumu Bildirileri, ss. 116 – 129

KAPLANOĞLU, Raif, “Bursa Kiliseleri”, Bursa Araştırmaları, KS.30, 2010, ss.10-25. – ‘’ Bursa’da Ermeni Semti Setbaşı’’, Bursa Araştırmaları, KS.05, 2004, ss. 38 – 45

KARAKOÇ- DÜVENCİ, Fulya, “Ermeni Milletinin Bursa Sancağındaki Sosyo-kültürel Varlığı (19. Yüzyıl)”, Journal of Turkish Studies, V.41, Harvard University, 2014, ss.321- 411.

KEPECİOĞLU, Kamil, Bursa Kütüğü, Cilt 2, Haz. Hüseyin Algül ve diğerleri, Bursa: Bursa Büyükşehir Belediyesi Yayını, 2009, ss. 41 – 43, 256- 257.

https://www.agos.com.tr/tr/yazi/27329/1794te-bursa-ermeni-kilisesinin-kundaklanmasi