Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ անդրադարձել է վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Պետնախարարի գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝ Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության։ 

Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում։ Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը»։

Արևմտյան Հայաստանը մշտապես կանգնած է Արցախի կողքին և կոչ է անում ամուր մնալ իրենց բնիկ տարածքներում և պայքարել իրավունքների վերկանգնման համար: