Ծիծեռնակաբերդը բրոնզեդարյան հնավայր է Երևանում: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որտեղ ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծիծեռնակաբերդ անունը)։

Խորհրդային իշխանության օրոք բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայերի ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը:1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Հայերի ցեղասպանության 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Հայաստանի Հանրապետությունում։

Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղաս պանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

Հուշահամալիրի Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև՝ կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Ճարտարապետները փորձել են մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներով, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով: