Փարիզի արվարձան Սևրում հարյուր երկու տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի          10-ին, կնքվեց Սևրի դաշնագիրը՝ Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թ.թ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակից պետությունների  միջև: Կնքված այս Դաշնագիրը պետք է վավերացներ Պողոս Նուբարը։ 

Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը: Նա և Արևմտյան Հայաստանի հայերի  ներկայացուցիչ և ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան, գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքեցին լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, իբրև դաշնագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր դաշնագիրը ստորագրած բոլոր պետությունների կողմից:

Պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. ստորագրված Սաքս- Պիկոյի պայմանագրի դրույթներն ու 1920թ. Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները:                                    
 Այժմ մի փոքր անդրադարձ կատարեմ Սաքս- Պիկոյի համաձայնագրին: Ինչպես նշեցի, այն կնքվել է 1916թ.՝ դեռևս ընթացող պատերազնի ժամանակ: Առաջին համաշխարհայինը պետք է նոր աշխարհակարգի սկիզբը դներ: Դեռևս  1915թ. Անգլիայի ,  Ֆրանսիայի  և Ռուսաստանի միջև գաղտնի ընթացող բանակցությունների ժամանակ   ստորագրվել էր համաձայնագիր, որով ի թիվս մի շարք այլ պայմանավորվածությունների՝ Ռուսաստանը ստանում էր հսկողություն  սևծովյան նեղուցների հանդեպ, փոխարենը պարտավորվելով  ճանաչել մյուս երկու պետությունների  հավակնությունները արաբական երկրների նկատմամբ: Բայց Անգլիայի և Ֆրանսիայի միջև առաջացած տարաձայնություններն ու  1916թ. սկզբին ռուսական բանակի հաջողությունները կովկասյան ճակատում նոր ուղղություն են նշում անգլո-ֆրանսիական բանակցությունների համար և 1916թ. մայիսի 16-ին կնքվում է Սաքս-Պիկոյի համաձայնագիրը։ Սաքս-Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը հայտնի դարձավ 1917թ. նոյեմբերին, երբ Լենինի ցուցումով հրապարակվեց նրա տեքստը:                                      

Համաձայնագիրը հօգուտ Անգլիայի փոփոխվելով դրվեց 1920թ. Անտանտի Գերագույն խորհրդի Սան-Ռեմոյում ընթացող կոնֆերանսի համաձայնության հիմքում:

1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագիրը բաղկացած էր 91 մասից ու  433 հոդվածներից: Հայաստանի բաժինն ընդգրկում էր 88-93 հոդվածները:  Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ,  անկախ և ինքնիշխան պետություն: Թուրքիան և Հայաստանը համաձայնվում են Կարինի, Տրապիզոնի, Վանի և Բաղեշի նահանգներում սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել նրա բոլոր որոշումներն ու առաջարկները՝ ներառյալ Հայաստանին դեպի ծով ելք տալու և օսմանյան տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով:

Ադրբեջանն արդեն սկսել է այդ գործընթացը, իսկ Վրաստանը դեռ լռում է և սպասում Ադրբեջանի վերջնական արդյունքներին, վախենալով,որ իր կողմից նման քայլը կարող է վերածվել Ջավախքի ազատագրական պայքարի:                                                                                                                   Ըստ Սևրի դաշնագրի՝ անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կայսրության 1915թ. օրենքը, որը մեր հայրենակիցները չգիտես ինչու չեն իրականացնում, այսինքն չեն պահանջում սեփականության իրենց իրավունքների վերականգնումը և ինչպես իմ նախորդ ելույթում նշեցի՝ կարող են այդ հարցով դիմել Արևմտյան Հայաստանի կառավարությանը, որը կզբաղվի իր քաղաքացիների իրավունքների ոտնահարման և դրանց վերականգնման խնդիրներով: Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքի իրավունքն ու ազատությունները և օրենքի առաջ հավասարությունն ըստ պայմանագրի, պետք է ապահովվի Արևմտյան Հայաստանի կառավարության կողմից: Սա է պատճառը, որ Թուրքիան աշխատում է բնիկ հայ ազգին ներկայացնել իբրև կրոնական փոքրամասնություն և դա ցավոք սրտի իրականացնում է Աթեշյանի և ինչպես նախորդ անգամ նշեցի՝ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի միջոցով:

Ինչպես գիտենք, Սևրի Դաշնագիրը հաստատեց օսմանյան թուրքիայի կառավարության Մեծ վեզիրը, քանի որ սուլթանն իր լիազորությունները փոխանցեց վեզիրին: Հենց այդ հաստատումը հիմք հանդիսացավ, որ Թուրքիան հրաժարվի օսմանյան ժառանգությունից և իրեն հայտարարի Աթաթուրքի ստեղծած պետություն: Այս դեպքում հարց է ծագում, իսկ ինչու են լռում Սևրը ստորագրած և մինչ օրս այդ ստորագրություններից չհրաժարված պետությունները: Եթե Թուրքիան Օսմանյան կայսրություն չէ, ի՞նչ իրավական հիմքով է տիրանում Արևմտյան Հայաստանին: Ո՞րն է Թուրքիա պետության տարածքը և ի՞նչ պատմա-աշխարհաքաղաքական միավոր է  այն: Ա͑՛յս հարցն է, որ հանգիստ չի տալիս Թուրքիային և նա շտապում է Ադրբեջանի միջոցով լուծել իր առջև կանգնած խնդիրները՝ օգտագործելով Ռուսաստանին: Արցախյան առաջին ազատագրական պատերազմը  երեսուն տարով հետաձգեց թուրքիայի պլանները, բայց նաև ժամանակ տվեց հասկանալու նոր աշխարհաքաղաքական իրավիճակն ու իր հնարավորություններն այդ հարցում: Ռուսաստանի հավակնությունները Սիրիայի ու Խորհրդային մյուս պետությունների հանդեպ թույլ տվեցին Թուրքիային օգտագործել նոր ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի միջոցով ու Ռուսաստանի և ողջ աշխարհի լռությամբ, բայց երևի թե ոչ անտարբերությամբ, քանի որ նոր իրավիճակ էր ստեղծվում, որը բերելու էր նոր համաշխարհային պատերազմի վտանգի՝ ինչը տեսնում ենք Ուկրաինայի պարագայում, հրահրեց 44-օրյա պատերազմն ու հայկական զորքերի դուրս բերումն Արցախից: Այժմ խոսքը պատկանում է ոչ միայն Սևրի Դաշնագիրը ստորագրած պետություններին, որոնք ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են Սևրի մասին, այլ ողջ հայ ժողովրդին ու հատկապես՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը, որն արդեն գոյություն ուներ իբրև անկախ պետություն մինչև Սևրը, ինչը և հիմք հանդիսացավ Սևրի Դաշնագրի համար, որ թույլ չտան Հայաստան պետության գոյությանը ողջ հայկական տարածքներում՝ ներառյալ Արևելյան Հայաստանը, Արցախն իր ողջ տարածքով, Նախիջևանը, Ջավախքն ու Կիլիկիան, որ ինչպես նշեցի Կիլիկիայի անկախության 102-րդ տարելիցին նվիրված իմ նախորդ ելույթում՝ Ֆրանսիայի կողմից սեփական շահը հաշվի առնելով, հանձնվեց Թուրքիային: 

Բայց ինչպես տեսնում ենք. Ֆրանսիան իր այդ սխալի համար շատ է զղջացել: Զղջալու են նաև մյուս բոլոր պետությունները, որոնք այսօր  լռում են և իրենց լուռ համաձայնությամբ օժանդակում են Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությանը: Ճիշտ է, Թուրքիան վախենում է Հայաստանի հետ անմիջական ռազմական բախումից, գիտակցելով, որ բնիկ հայկական տարածքներում՝ Արևմտյան Հայաստանում, ապրում են  քսան միլիոնից ավել բնիկ հայեր, որոնք առիթը բաց չեն թողնի պաշտպանելու սեփական հայրենիքն ու իրենց բնիկ տարածքներում ապրելու իրավունքը:  Այսօր Հայաստանը մեծ աշխարհաքաղաքական գործոն է, որով հետաքրքրված են Մեծ Մետաքսի ճանապարհի երկրները և Արևելքն ու Արևմուտքը:                                                           

Սիրելի հայրենակիցներ, վերջացնելով խոսքս՝ ուզում եմ կոչով դիմել բոլորիս. մենք իրավունք չունենք հուսահատվելու և մեր հույսն ուրիշների վրա դնելու: Այդ է պատճառը, որ 2016թ. հունիսի 24-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը  վավերացրեց Սևրի դաշնագիրը: Մենք ենք մեր երկրի տերը և մենք պետք է վճռենք նրա ապագան ցանկացած ճանապարհով: Ուրեմն գլուխներս բարձր ու համախմբված՝ պատրաստ նոր իրավիճակներին և ունակ՝ իրականացնելու Սևրի դաշնագիրը: