Ամերիկյան պարբերականը նշում է, որ այբուբենը փոխել է հայերի աշխարհայացքը և ազդել ազգի ամբողջ մշակույթի վրա։ Ամերիկյան «Atlas Obscura» առցանց ամսագիրը պատմել է հայոց այբուբենի յուրահատկության և Մեսրոպ Մաշտոցի մասին: Բրիտանացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և մաթեմատիկոս Ալեքս Բելոսը գրում է, որ Մաշտոցի գյուտը Հայաստանի պատմության թերևս ամենակարևոր իրադարձությունն է եղել։ «Երևանից ոչ հեռու, լեռան լանջին խոյանում են հայոց այբուբենի 39 քարե տառերը։ Ամեն երկիր չէ, որ կարող է հպարտանալ նման շքեղությամբ»,- ասվում է հոդվածում։

Իգոր Դորֆման Լազարևը՝ Համբուրգի համալսարանի ձեռագիր մշակույթների ուսումնասիրության կենտրոնից, նշում է,  «Հայերենն այն սակավաթիվ լեզուներից է, որ «ողջ է մնացել», առաջին հերթին՝ իր այբուբենի շնորհիվ»։

Նրա խոսքով՝ այբուբենը փոխել է մարդկանց աշխարհայացքը և ազդել ազգի ամբողջ մշակույթի վրա։ Հենց դրա շնորհիվ է, որ հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը։ Մատենադարան. ձեռագրերը չեն այրվում, այլ սիրով և հոգատարությամբ վերականգնվում են

Սեփական գրերի առկայությունը նպաստեց հայ ժողովրդի համախմբմանը, որն այն ժամանակ բաժանված էր Բյուզանդական և Պարսկական կայսրությունների միջև։

Դորֆման-Լազարևը հատկապես կարևոր է համարում այն փաստը, որ այբուբենի կոնսոնանտ-վոկալային առանձնահատկությունը հայոց լեզվի կրողներին թույլ էր տալիս հեշտությամբ տիրապետել դրան՝ ի տարբերություն այլ, ավելի բարդ լեզուների կրողների: