Բաղրաս բերդը տեղակայված է Արևմտյան Հայաստանի՝ Կիլիկիայի հարավ–արևելյան մասում, Օրոնտես գետի ափին, Տրապեզ լեռան մոտ: Անունն ունի արաբական ծագում: Հայ պատմիչների կողմից հիշատակվել է Պաղրաս ձևով: Հիմնադրվել է անտիկ ժամանակներում: Օմայան խալիֆայության շրջանում (661–750 թթ.) ծաղկուն վիճակում էր: 11-րդ դարի վերջին բերդը գրավվել է խաչակիրների կողմից: 12-րդ դարում Անտիոքի խաչակիր ասպետներից ազատագրել ու սահմանապահ բերդ է դարձրել Կիլիկիայի հայոց իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.)։ 

1280 թվականին բերդը գրավել են մոնղոլները, բայց շուտով թողել են այն: 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բաղրասը դեռ կանգուն է եղել: 16-րդ դարում այն նվաճել են Օսմանյան թուրքերը։ Նրանց տիրապետության շրջանում Բաղրաս ավերակ բերդի մոտ գտնվող համանուն ավանը մտնում էր Բեյլանի գավառակի մեջ` Բեյլանից ոչ շատ հեռու: