Ըստ քաղաքացիական պաշտպանության պլանի՝ Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուսի համայնքների բնակչության տարհանմանը զուգահեռ, շարունակվում է նաև մոնումենտալ արվեստի հուշարձանների տեղափոխման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ տարհանվող մշակութային ժառանգությունը ներառում է խաչքարեր, հուշակոթողներ, տապանաքարեր, թանգարանային ցուցանմուշներ և գրադարանային ֆոնդը:

«Արդեն ամբողջությամբ դուրս է բերվել Բերձորի քաղաքային գրադարանի ամբողջ գրքային ֆոնդը: Մոտ երկու տասնյակից ավելի կոթող արդեն տեղափոխվել է, նույնքանինն էլ ընթացքում է»,-ասել է Լ. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով տարհանվող պատմամշակութային ժառանգության ժամանակագրությանը, փոխնախարարը մասնավորապես նշեց Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու 11-12-դ դարերով թվագրվող խաչքարը: Մեծ թիվ են կազմում ազգային հերոսներին, նշանավոր իրադարձություններին նվիրված հուշակոթողները: Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ տարհանված կոթողները Ստեփանակերտում և Հանրապետության այլ բնակավայրերում տեղակայելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ստացել:

Հիշեցնենք որ 19-րդ դարի դարասկզբին Արևմտյան Հայստանի տարածքում մշակութային կոթողների ոչնչացման հստակ պլանավորված ծրագիր էր գործում: Կոթողների այն  մասը, որը դեռ կա,  այժմ քանդման կամ ոչնչացման վտանգի տակ են: