Արևմտյան Հայաստանում` Բաղեշի Ահլաթ գավառի Հարաբեշեհիր թաղամասում, որտեղ առկա են հնամենի քարանձավային բնակավայրեր, ժայռաբեկորների վրա կառուցված է միջնաբերդ։ Անտիկ միջնաբերդում 4 տարի շարունակ ընթանում են պեղումներ, որոնց արդյունքում ի հայտ են եկել տարբեր շինություններ և Կուր-Արաքսյան մշակույթին պատկանող 5000 տարվա կերամիկական առարկաներ։
Պեղումների խմբի անդամ դոկտ. Սինան Քըլըչը, վերլուծելով աշխատանքի արդյունքները, նշել է, որ ամենայն հավանականությամբ միջնաբերդի ստորին հատվածում գտնվում է 5000 տարվա վաղեմության բլուր։ Առայժմ նրանց չի հաջողվել բացահայտել բլուրը, սակայն նրանք կարողացել են միջնաբերդի երեք տարբեր մասերում փորվածք բացել և հանդիպել այնպիսի գտածոների, որնք պատկանում են Կուր-Արաքսյան մշակույթին, երկաթի դարին և միջնադարին։
Սա հերթական բացահայտումն է Արևմտյան Հայաստանի տարածքում, որը վստահաբար կապվում հայկական քաղաքակրթության հետ, սակայն թուրքական ռազմավարությունն այնպիսին է, որ ամեն կերպ փորձում են թաքցնել հայկական հետքը: