Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը: Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի: