Սոսե Մայրիկ (Սոսե Վարդանյան) ծնվել է 1868-ին Սասուն՝ Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում, Տեր Մարգար Դրո-Աստանտուրի հարկի տակ։

Հազիվ 13 տարեկան էր, երբ սասունցի հայերի ավանդության համաձայն՝ ծնողները ցանկացել են ամուսնացնել իրեն։ Սակայն Սոսեն ըմբոստանում ու որոշում է կյանքը կապել Խչեենց Սերոբի հետ։ Հայ ազատագրական շարժման տարիներին եղել է ամուսնու կողքին:

Մասնակցել է հայդուկային կռիվներին՝ ժողովրդից օծվելով Մայրիկ պատվանմամբ։

1898 թվականին Բաբշենի կռիվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում: 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քուրդեր պաշարել էին Գելիեգուզան գյուղը, որտեղ ապաստանել էր Սերոբն իր ընտանիքով ու 12 ֆեդայիներով։ Մինչ այդ, սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերոբը։ Թշնամին՝ տեսնելով Սերոբի անօգնական վիճակը, հարձակվել է գյուղի վրա։ Այդ անհավասար կռվին զոհվել են Սոսեի ամուսինը, որդին՝ Հակոբը, Սերոբի եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սոսեն՝ վերցնելով ամուսնու հրացանը՝ շարունակել է քաջաբար մարտնչել ու վիրավորվել է։ Վիրավոր ժամանակ գերի է ընկել և տարվել  Բիթլիս, իսկ շուտով՝ ազատ արձակվել։ 

1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո՝ Սոսե Մայրիկը տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս։ Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում՝ ջարդերի ժամանակ։

1920 թվականի վերջին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ մահացել է 1953-ին։ 1990-ական թվականներին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։