Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն, պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն, աշխատանքի ճիշտ կազմակերպում, համբերություն և անսպառ աշխատունակություն։ Շատ կարևոր է հնարավորինս հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից։ 

Սա է ներկա պայմաններում հանդիսանում ժողովրդի ու պետության փրկության երաշխիքը։  Սիրելի հայրենակիցներ, երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը։ Երբեք մի վստահեք դեմագոգներին։ Ահա դժվարությունները հաղթահարելու առանցքային բաղադրիչները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում փրկել երկիրը նույնիսկ պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։ Առաջիկա երկու-երեք տարիները շատ կարևոր շրջան են լինելու: Իսկ եթե ճիշտ մտածենք, հասկանանք, որ մեր ուժը խելքի, ազնվության ու պարկեշտության մեջ է, ապա նվազագույն ծրագիրը՝ Արցախի փրկությունը, կկարողանանք իրականացնել»:

Արևմտյան Հայաստանը իր զորակցությունն  է հայտնում Արցախում ապրող մեր հայրենակիցների և հորդորում ուժեղ մնալ և տեր կանգնել իրենց իրավունքներին։ Այն ամենը ինչ այժմ կատարվում է Արցախում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից՝ միջազգային հանրության աչքի առջև։