Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու 36 կմ-ից՝ Բերդաձորի շրջանի Մեծ Շեն տանող խաչմերուկից: 2021 թվականի հուլիսից այս հատվածի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց հայտարարել ավարտի մասին: Ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջի շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը: Հայկական կողմում շինտեխնիկան սկսել է աշխատել օրեր առաջ: Նոր երթուղին կհասնի մինչև Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից՝ Տեղ գյուղ, այնուհետեւ կմիանա Գորիս տանող մայրուղուն:  

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նոր երթուղով մեկնել և ծանոթացել է  նոր ճանապարհի շինարարական աշխատանքներին: