2022 թվականին լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը: 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած անձանց, բարձրացնում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ իրազեկման մակարդակը և առաջխաղացնում դրա կիրարկումը՝ գործելով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև: Երևանում մեր պատվիրակության և Իջևանում ու Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով տուժած անձանց: Շարունակում ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրերը, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ հակամարտության սրացումից տուժած քաղաքացիական բնակչության աջակցության իրենց ծրագրերի շրջանակներում: