Արևմտյան Հայաստանի Սարվանդիքար բերդաքաղաքը տեղակայված է Մարաշ քաղաքից 30 կմ. հարավ, Ամանոսի լեռնաշղթայի հյուսիսային փեշին՝ Կիլիկիան Ասորիքի հետ կապող ճանապարհին: Բերդը կառուցվել է 500 մետր բարձրության քարաժայռի վրա, ունի անառիկ և դժվարամատույց դիրք: Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1069 թվականին որպես բյուզանդական ամրոց: 1097–1098 թվականներին բերդին տիրել են խաչակիր ասպետները: 1135 թվականին բերդը գրավել է Կիլիկիայի հայկական իշխանության իշխանապետ Լևոն I-ը (1129–1137 թթ.) և դարձրել սահմանային կարևոր ռազմակայան: