«Գեղարդ» երգեցիկ խումբը օրերս է վերադարձել Զալցբուրգի հեղինակավոր փառատոնից։ «Գեղարդ»-ը ելույթ է ունեցել «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարին, ներկայացրել Կոմիտասի ստեղծագործությունները, միջնադարյան մոնոդիաներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ։ Խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ իրենք արդեն երկրորդ անգամ են մասնակցում այս փառատոնին: 

«Սա համարվում է դասական երաժշտության արվեստի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Եթե չեմ սխալվում, մենք առաջին հայկական կոլեկտիվն ենք, որը մասնակցում է այս փառատոնին։ Փառատոնի երկրորդ հատվածում հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», երրորդը նվիրված էր Կոմիտասին»,- նշեց Նավոյանը։

Համերգը եզրափակվել է երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի «Լույս Զվարթ» ստեղծագործությամբ։