Հայկանուշ Մառքը (Հայկանուշ Թոփուզյան) ծնվել է 1883 թվականի փետրվարի 14-ին, Կ. Պոլսում՝ Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների ընտանիքում: Հաճախել է Այասբաշայի վարպետ-տուտու և «Սեոր» վարժարանները: 1898 թվականին ավարտել է Էսայան միջնակարգ վարժարանը՝ աշակերտելով  Զապէլ Ասատուրին և դառնալով նրա արժանավոր հետնորդը: Այնուհետև՝ կրթությունը շարունակել է մասնավոր դասերով: Նրա ուսուցիչն էր հայտնի մանկավարժ և գրաբարի գիտակ Հակոբ Գուրգենը: Միաժամանակ, որպես ուսուցչուհի, պաշտոնավարել է Ազգային հիվանդանոցի գիշերօթիկ որբանոցում, այնուհետև՝ ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 

Հայկանուշ Մառքի հրապարակախոսությունը ամփոփում է կանանց ազատագրության հիմնախնդիրները։

Թղթակցել է նաև «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: 1919 թվականին Կ. Պոլսում Մառքը հիմնում է «Հայ կին» հանդեսը, որի նպատակն էր՝ բարձրացնել հայ կնոջ դերը ազգային կյանքում, զարգացնել հայ կնոջ մտավոր աշխարհը: «Հայ կին» հանդեսը թղթակիցներ ուներ նույնիսկ Փարիզից ու Միացյալ Նահանգներից։ 

«Հայ կին» հանդեսը Մառքի խմբագրությամբ լույս է տեսնում մինչև 1932 թվականը, ամիսը երկու անգամ: Այն հայալեզու կարևոր հանդեսներից մեկն էր, որը տպագրվում էր Ցեղասպանությունից հետո։