Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին:

Երկրի ղեկավարը կարևորել է համայնքներում մարզական նման կառույցների առկայությունը, նշել, որ պետությունը պատրաստ է աջակցել նոր մարզադահլիճների կառուցմանը։ Նախագահ Հարությունյանը նաև հանդիպել է համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, քննարկել առկա խնդիրները:

Բարձրացված հիմնախնդիրներից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է խմելու և ոռոգման ջրի հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը, նշել, որ երկու տարվա ընթացքում փուլ առ փուլ ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի:

Անդրադառնալով Հանրապետությունում ռազմաքաղաքական վերջին զարգացումներին՝ նա նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված խաղաղությունը, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Նախագահի խոսքով՝ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:

Արևմտյան Հայաստանը իր զորակցությունն է հայտնում Արցախում ապրող բնակչությանը, հույս  հայտնելով,որ այս դժվարին դրությունը շուտափույթ լուծում կստանա, չվնասելով բնիկ ժողովրդի շահերը: