Սելևկիա բերդաքաղաքը տեղակայված է Միջերկրական ծովի ափին, Կալիկադնոս գետի գետաբերանի մոտ: Ք.ա. 3-րդ դարում կառուցել է Սելևկյան կայսրության հիմնադիր Սելևկոս I Նիկատորը (Ք. ա. 305–280 թթ.) և իր անունով կոչել Սելևկիա: 12-րդ դարի կեսերին Սելևկիան գրավել է Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.): Նա վերակառուցելով Սելևկիան` այն դարձրել է ռազմական կարևոր հենակետ իր իշխանապետության հարավ-արևմտյան սահմանում: Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.) Սելևկիայի հսկողությունը հանձնել է Չորտվանել Սասնեցու որդի Շահնշահին, այնուհետև` Կոստանց իշխանին: Այն իր նշանակությամբ Կիլիկիայի հայկական թագավորության երկրորդ խոշոր նավահանգիստն ու սահմանամերձ ամրությունն էր: 13-րդ դարի կեսերին Սելևկիան նվաճել են Կարամանյան կոչվող թուրքմենական քոչվոր ցեղերը: 15-րդ դարի վերջին բերդը լիովին կանգուն էր և պահպանում էր հզոր ամրոցի իր նշանակությունը: Սելևկիա բերդաքաղաքի կործանման ժամանակն ու պատճառներն անհայտ են: Սելևկիայի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի  ցեղասպանության ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, իսկ սակավաթիվ փրկվածները ապաստանել են տարբեր երկրներում: