Երբեմնի բնակավայր Աբլարը այսօր ոչ միայն Ախալքալաքի և հարակից գյուղերի համար ջրամատակարարման աղբյուր է, այլ նաև հանգստավայր և ուխտատեղի։ 

Աբլարը գտնվում է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից ոչ շատ հեռու։ Տեղացիները պատմելով տարածքի մասին առաջնայինը շեշտում են ջրառատությունը և այն փաստը, որ նախկինում Կուլիկամում Աբլարի աղբյուրների ջրով 17 ջրաղաց է գործել, որոնցից այսօր մնացել է մեկը։

Ամռանը այստեղ միշտ աշխույժ է: Մարդիկ գալիս են հանգստանալու, մոմ վառելու և Աբլարի սառը ջուրը խմելու: Նախկինում Աբլարը հայտնի է եղել նաև կարմրախայտ ձկնատեսակով և մարդիկ հատուկ ձուկ բռնելու համար գնում էին այնտեղ:

Այցելուների համար ուշագրավ են նաև Սուրբ Ելենա կիսավեր եկեղեցին և քիչ հեռավորության վրա գտնվող «Յոթ եղբայր» կոչվող խաչքարերը, որոնք միայն վերջերս հայտնվեցին ծածկի տակ։

Աբլարը այցելուներին գրավում է ոչ միայն ամռան ամիսներին, այլ նաև ձմռանը, հատկապես արկածախնդիր և էքստրեմալ հանգիստ նախընտրողներին։