Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ Մոսկվայի անվտանգության 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում, որի ընթացքում քննարկվել են նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք քննարկելու հարցեր ունենք՝ կապված Արցախում առաջադրանքներ իրականացնող մեր խաղաղապահ զորքերի գործունեության հետ։ Մենք, ինչպես դուք, համոզված ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ողջ երկայնքով»,- բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։ Սուրեն Պապիկյանը հաստատեց, որ հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։