Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում Ավետարանոց գյուղից բռնատեղահանված ընտանիքների համար նոր բնակավայր է կառուցվում, որն ըստ նախագծի՝ բաղկացած է 254 առանձնատնից: Այս մասին ասել է շինարարական աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊ ընկերության տեղամասի պետ Նաիրի Սարգսյանը: «Ըստ նախագծի՝ կկառուցվի 254 առանձնատուն, որոնք կլինեն 2-ից 5 սենյականոց: Կան արդեն կառուցված տներ, որոնցում շուտով կմեկնարկի ներքին հարդարումը: Այս պահի դրությամբ՝ 29 առանձնատան կառուցման համար հողային մեծածավալ աշխատանք է իրականացվել»,-հավելել է նա՝ մանրամասնելով, որ Ավետարանոցից տեղահանվածների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան, բուժկետ, մեծ խաղահրապարակ և եկեղեցի: Տեղամասի պետի հավաստմամբ՝ կառուցվող բնակավայրը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին: 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում, Արցախում ընթացող այս տնաշինական աշխատանքները, քանի որ կարևոր է հայի՝ իր բնիկ հողում ապրելու և արարելու հանգամանքը։ Հայը պետք է ապրի իր բնիկ հողում, անկախ թշնամական պետությունների վերաբերմունքից կամ սադրանքներից։