Մարդու Իրավունքների Պաշտպանության Մոնիտորինգի Կազմակերպությունը(HRW) գրավոր հայտարարության մեջ նշել է, որ «Սիրիայի հյուսիսում հակամարտող բոլոր կողմերը պետք է նվազագույնի հասցնեն քաղաքացիական անձանց վնասը ընթացիկ և ապագա ռազմական գործողությունների ընթացքում»:

Կազմակերպությունը հրապարակել է հարց ու պատասխանի փաստաթուղթ, որը վերաբերում է «Թուրքիայի կողմից ռազմական միջամտության սպառնալիքին՝ Սիրիայի հյուսիսում քրդերի գլխավորած ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածներում»:

Oգոստոսի 17-ին «Հյուսիսային Սիրիայում քաղաքացիական անձինք վտանգի տակ են» վերնագրով հրապարակված փաստաթղթում՝ որպես հիմնական մտահոգություն ընդգծվել են «անօրինական հարձակումները, մարդասիրական պայմանների վատթարացումը և ԴԱԻՇ-ի վերսկսման վտանգը»։  Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը, կազմակերպությունը ասել է. «Թուրքիայի ծրագրած միջամտությունը կլինի Թուրքիայի չորրորդ ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիսում՝ 2016 թվականից ի վեր: Նախորդ ռազմական միջամտությունները ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով»: