Նեմրութ Հովհաննեսի Բաղդասարյանը Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիրն է, ում անունը այսօր քչերն են հիշում։  Նեմրութի անունն ի սկզբանե եղել է Սամվել։ Նկարչի հայրը՝ Հովհաննեսը, իր տղաներին անվանել է Վասպուրական աշխարհի տեղանուններով. Սամվելին՝ Նեմրութ, Մելիքին՝ Սիփան, Վահանին՝ Ծիլվան։ Նեմրութը ծնվել է 1907 թվականի փետրվարի 24 -ին Վան քաղաքում մանկավարժ – արվեստագետ Հովհաննես Բաղդասարյանի ընտանիքում։ 1915 թվականի գաղթից հետո Նեմրութի մականունը դառնում է քաղաքացիական անուն, նույնը եղբայրների դեպքում։

1920 թվականին Նեմրութն արել է իր առաջին լուսանկարները։ 1925-1929 թվականներին որպես լուսանկարիչ աշխատել է Հայաստանի Արհմիությունների տանը: Այդ տարիներին նա լուսանկարչական ալբոմներ է պատրաստել՝ նվիրված Երևանին, դառնալով հին Երևանի դիմանկարիչը՝ ստեղծելով մայրաքաղաքի անկրկնելի, հիմա արդեն հուշ դարձած պատկերներ։ Նեմրութ Բաղդասարյանը մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային մի շարք ցուցահանդեսների և մրցույթների. նրա «Հողը» ֆոտոմոնտաժը և «Արարում» ֆոտոշարքը մի շարք մրցույթներում արժանացել է պարգևների և բարձր գնահատականի։

Նեմրութի յուրաքանչյուր լուսանկար եզակի ու տպավորիչ մի պատմություն է հայ ժողովրդի կյանքից։