Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։

Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և ամրոցի շրջագծից դուրս՝ հարակից տարածքների բարեկարգում։

Դաշտադեմի ամրոց կամ Քաղենի ամրոցը գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում: Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Գլխավոր մուտքը կիսաշրջանաձև բուրգից է։ Քաղենի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի՝ շարված բազալտե սալերից: