Դերսիմի աշխարհագրությունը, որը վայրի բնության և բուսատեսակների առումով ամենահարուստ շրջաններից է, կանգնած է էկոլոգիական ոչնչացման առաջ։ 2019 թվականին Դերսիմում 43500 հա տարածքում հանքարդյունաբերության գործունեություն իրականացնելու լիցենզիա է հատկացվել։ Թեև դրանց մի մասը չեղարկվել է բնապահպանների պայքարի արդյունքում, սակայն սպառնալիքը դեռ շարունակվում է։

Փաստաբան Բարըշ Յըլդըրըմը, ով տարիներ շարունակ դատական ​​հայցերով պայքարում է ամբարտակների և ՀԷԿ-երի դեմ, հայտարարել է, որ Մնձուրի ավազանում 43080,87 հեկտար տարածքում ոսկու, պղնձի և արծաթի արդյունահանման նախագծեր են իրականացվում։

Փաստաբանը, ուշադրություն հրավիրելով Եփրատի ավազանում գտնվող Դերսիմի և Բյուրակնի էկոհամակարգը ոչնչացնող հանքարդյունաբերական նախագծերի վրա, ասում է. «Մաքուր ջրային ռեսուրսները սպառվում են։ Էկոլոգիայի համար պայքարը կյանքի իրավունքի համար պայքար է։ Դա չպետք է ընկալվի միայն որպես տարածաշրջանային պայքար»։ Նրա խոսքով՝ Դերսիմը բազմաթիվ էկոհամակարգերի բնօրրան է, հատկապես Մնձուրի ավազանը: Տարածաշրջանում  մոտ 2000 բուսատեսակ կա, որոնց 20 տոկոսը էնդեմիկ է։ Այստեղ բնակվում են նաև վայրի լեռնային այծեր, գորշ արջեր, գայլեր, լուսաններ, և  նույնիսկ՝ անհետացման եզրին գտնվող Արևմտյան Հայաստանի ընձառյուծը։

Արևմտյան Հայաստանը ցավով է արձանագրում մեր բնիկ տարածքներում էկոլոգիայի նման ծավալի վնասի մասին։ Դերսիմի տարածաշրջանը շատ կարևոր դեր ու նշանակություն ունի Արևմտյան Հայաստանի տնտեսության զարգացման գործում և մեր հիմնական տուրիստական ուղղություններից մեկն է, և չպետք է թույլ տալ, որ բռնազավթիչները ոչնչացնեն տեղի էկոլոգիան։ Այս հարցերով Արևմտյան Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի։