Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: 

2020 թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ:  Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից:

ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»,- նշված է գրառման մեջ:

Արևմտյան Հայաստանը բազմաթիվ անգամներ միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնում է Արցախում տիրող իրական իրավիճակը՝ շեշտադրելով Ադրբեջանի կողմից բռնազաված տարածքներից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հարցը։