Հայաստան-Արցախ նոր ճանապարհի ձևավորման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ, որովհետև նոր ճանապարհը ևս գտնվելու է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո։ Այդ լուրը Արցախի նախագահի աշխատակազմը հաստատել է «Հետքի» հարցմանն ի պատասխան։

Ըստ 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի ճանապարհը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»։ Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Լաչինի նոր ճանապարհն անցնելու է Քաշաթաղի և Շուշիի շրջաններով։ «Քաշաթաղի շրջանում ճանապարհի հատվածն ընդգրկում է Մարաթուկ, Մելիքահող, Հունանավան և Մեղվաձոր բնակավայրերի ու բնակատեղիների տարածքը, Շուշիի շրջանում ճանապարհն անցնում է Հին շեն և Մեծ շեն համայնքներով և Տասը Վերստ գյուղի տարածքում միանում է Գորիս-Ստեփանակերտ գործող մայրուղուն»։