Առցանց աճուրդի է հանվել Կիլիկիայի հայոց թագավորության Լևոն Բ (1198-1219թթ., Ռուբինյանների արքայատոհմ) արքայի օրոք հատված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներից մեկը: Մեկնարկային գինը 50.000 դոլար է:

Մետաղադրամը պատկերում է գահին բազմած Լևոն արքային` մի ձեռքում խաչ, մյուսում` ծաղիկ: Մետաղադրամի մյուս կողմում պատկերված են առյուծն ու կաթողիկոսական խաչը: Մետաղադրամը ներառված է Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուում»:

Նշենք, որ Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոն Բ-ն իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Արևմտյան Հայաստանը գտնում է, որ դրանք վաճառքի դուրս բերելու փոխարեն, պետք է դրվի հանրային ցուցադրության՝ թանգարաններում, որպեսզի լայն հասարակության կողմից այն հասանելի լինի, և պատմական այս իրը դառնա հանրության սեփականությունը։