Արևմտյան Հայաստանի Կոռիկոսի ծովային բերդը գտնվում է Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կմ. հյուսիս-արևելք, լեռներով շրջապատված հովտում: Կոռիկոս է անվանվել մոտակա համանուն լեռան անունով։ Բերդը հիմնադրվել է Ք. ա. 3-2-րդ դարերում` Սելևկյանների տիրապետության օրոք և դարձել առևտրի կարևոր կենտրոն: Բյուզանդական տիրապետության շրջանում մտել է Տարսոնի նահանգի մեջ, հանդիսացել եպիսկոպոսական թեմի կենտրոն: 7-ից 8-րդ դարերում ավերված ու աղքատացած էր: Կոռիկոսի բերդի դերը կրկին սկսում է բարձրանալ 11-րդ դարի վերջից` Խաչակրաց արշավանքների սկզբնավորումով: Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.) Կոռիկոսը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը: Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում պատկանել է թագավորից վասալական կախման մեջ գտնվող առանձին իշխանների:

14-րդ դարում բերդը որպես նվեր տրվել է Կիպրոսի արքայորդուն՝ Բոհեմունդ Լուսինյանին: 1448 թվականին բերդին տիրել են Կարամանյան կոչվող թուրքմենական ցեղերը: Բերդն այնուհետև գրավում են եգիպտական մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանցի թուրքերը: Կոռիկոսը մինչև 17-րդ դարը շարունակել է մնալ որպես հայոց եպիսկոպոսանիստ բերդ:

Կոռիկոսը Կիլիկյան Հայաստանի ամենախոշոր նավահանգիստն էր և Այասի հետ միասին մեծ դեր էր խաղում երկրի տնտեսական կյանքում: