Օգոստոսի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին:

Այդ կապակցությամբ Արցախի տեղեկատվական շտաբից իրազեկում են, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:

Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը: