Այս տարի լրանում է Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադրման 30-ամյակը։ Այդ առթիվ երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով: Այս օրերին երգչախմբի սաները Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում սկսել են նախահամերգային փորձերը:

«Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը նշեց, որ պատերազմից հետո երգչախմբի տնօրենությունը գործունեությունը շարունակելու նոր ձևաչափ ընտրեց, այն է՝ հանդես գալ բազմաբնույթ համերգաշարերով: 

«Անցած տարի ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կյանքի կոչեցինք «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին մասնակցում են Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի երեխաները: Համերգային ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից՝ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում: Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա նաև պաշտոնական համերգ»,-ասել է Զ. Քեշիշյանը: