Վերջին ժամանակները Աղավնոյում  ապրողների համար, մեղմ ասած, «լավ» ժամանակներ չեն։ Օգոստոսի 25-ը վերջին օրն է, մարդիկ պետք է թողնեն իրենց տունն ու հեռանան․․․

Իրականությունը պահի մեջ ֆիքսելու ու այդ պատկերներն աշխարհին տեսախցիկի միջոցով պատմելու նպատակով այցելել էինք Աղավնո՝ աշխարհից կտրված գողտրիկ այդ անկյունը, որը վերջին շրջանում խոշորացույցի տակ է հայտնվել։

Աղավնոյի բնակիչներն այս օրերին սակավախոս են։ Շատերը զբաղված են տներից իրենց վերջին իրերը դուրս բերելով ու հայրենի գյուղին հրաժեշտի լուռ խոսքեր ասելով։ Ծանր լռությունը երբեմն խախտվում է Աղավնո գետում խաղացող երեխաների ձայներով։ Գետից բարձրանում ես վերև և կրկին Աղավնոյի կարմիր տանիքներով տներն են, իսկ տներից դուրս՝ բեռնատարներում իրենց իրերը տեղավորող մարդիկ, ում համար ամենաթանկարժեքն ու կարևորը երբեք որևէ բեռնատարում չի կարողանա տեղավորվել․․․

Հոգին տակնուվրա անող տեսարաններ են, մի կողմից՝ դատարկվող տներ, մյուս կողմից էլ պատերին «Մենք նորից վերադառնալու ենք, ու ապրելու են Աղավնոյում» գրություններ։