Առցանց հրատարակվել  է Արմենակ Եղիայանի «Արևմտահայերենի ուղղագրական, ուղղախոսական, ոճաբանական ուղեցույց»-ը

Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Բաժանմունքը ուրախությամբ հայտարարում է, որ Նայիրի հարթակում այժմ հասանելի է Արմենակ Եղիայանի «Արևմտահայերենի ուղղագրական, ուղղախոսական, ոճաբանական ուղեցույց»-ը՝ թվային և բաց ձևաչափով։

«Այս ընդարձակ ու մանրակրկիտ ուղեցույցը, իր յուրահատուկ մոտեցումով և ձեւաչափով լրացնում է այն բացը, որ երկար տարիներ է գոյություն ուներ արևմտահայախոս աշխարհում» ասել է Բաժանմունքի տնօրեն՝ Ռազմիկ Փանոսյանը։

Բժ. Արմենակ Եղիայանի ամբողջ կյանքի հետևողական աշխատանքի արգասիքը հանդիսացող այս Ուղեցույցը իր բարձր որակով ու լայն տարողությամբ եզակի գործ է, որը պարզում  է արևմտահայերենի ներկա իրավիճակը՝ իր խնդիրներով ու մարտահրավերներով ու միտված է «ծառայելու արևմտահայերենի անսայթաք ու միակերպ ուսուցման կիրառմանը, ինչպես նաև զանազան վիճելի հարցերի լուսաբանմանն ու ճշգրտմանը», ինչպես նշում է հեղինակը նախաբանի մեջ։

Իր թվայնացված բնույթով՝ այս աշխատասիրությունը ժամանակի ընթացքում կարող է  զարգանալ, բարեփոխվել, նորանոր հարցեր ընդգրկել ու միշտ մնալ այժմեական։ Մասնավոր ուշադրության արժանի է ոճաբանության բաժինը, որ անվարան կարող է նկատվել որպես գեղեցիկ արևմտահայերենի դաստիարակչական մատյան։

Ուղեցույցից կարող են օգտվել բոլորը՝ աշակերտ թե ուսուցիչ, գրող թե խմբագիր, մասնագետ թե հասարակ ընթերցող՝ հեշտությամբ որոնելով ու գտնելով իրենց փնտրած լեզվական կամ քերականական տեղեկությունը, հաճախ նաև ծանոթանալով տվյալ գրելաձևի կամ բառեզրի պատմությանը կամ արմատներին։

Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Լորիկ Սապունճյան-Ծատուրյանին (ընդհանուր ղեկավար-համադրող), Հարություն Քյուրքճյանին (վերստուգող խմբագիր), Վրեժ-Արմեն Արթինյանին (խմբագիր) և Սերուժ Ուրիշյանին («Նայիրի» կայքէջ) իրենց նվիրումին և խղճամիտ աշխատանքի համար։

Դժվարին ու խնամյալ էջադրումը կատարված է Մարինա Չիլ Աբոշյան-Պողիկյանի, իսկ կողքի և գեղարվեստական ընդհանուր ձևավորումը՝ Նունե Խյուդավերդյանի կողմից։

Ուղեցույցը կարելի է ներբեռնել անվճար nayiri.com-ից կամ օգտագործել առցանց՝ NAYIRI.COM