Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին:

Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է անում բրիտանական «The Telegraph» պարբերականին, որտեղ անդրադարձ է կատարվել հայկական գինեգործությանը։

«Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։ Որպես ապացույց բրիտանական թերթը նշում է, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա վաղեմության գինեգործության հետքեր։ Թերթը նաև հիշեցնում է, որ հայերը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին ազգն են»։

Աղբյուրը նաև նշում է, որ Հայկական կոնյակը համտեսած անձանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ Նույնիսկ վարկած կա, որ Յալթայի կոնֆերանսի արդյունքները  մեծ չափով պայմանավորված են հայկական կոնյակի և գինու ազդեցությամբ։ Այս մասին «The Telegram»-ը գրում է․ «Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը պատերազմից հետո Եվրոպայի զարգացման ուղիները քննարկելու նպատակով հանդիպեցին Ղրիմում։ Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքն ապահովվեց հայկական կոնյակի և գինու շնորհիվ»։