Առաջին անգամ Բաղեշի բերդը հիշատակվում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի կողմից: Հետագայում բերդի շրջանում համանուն քաղաքի կառուցումից հետո բերդը դառնում է քաղաքի միջնաբերդը:

Ավանդությունը բերդի հիմնադրումը կապում է կայսր և զորավար Ալեքսանդր Մակեդոնացու Լիս զորավարի անվան հետ: Ասում են՝ Ալեքսանդրը, արշավելով Արևմտյան Հայաստան, գնահատում է լեռնանցքի ռազմավարական հիանալի դիրքը և իր զորավարներից Լիսին հրամայում է այստեղ ամրոց կառուցել: Նորակառույց բերդն այնքան անառիկ է լինում, որ Ալեքսանդրը վերադարձին չի կարողանում այն նվաճել, իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնում են նրան` նա բերդն անվանում է Բեդ Լիս, որ պարսկերենից թարգմանաբար նշանակում է Չար Լիս, որտեղից էլ ծագում է բերդի Բիթլիս անվանումը:

7-րդ դարի վերջում բերդին տիրել են արաբները և դարձրել Զուրարիների արաբական ամիրայության նստավայրը: 9-րդ դարի 2-րդ կեսին բերդն անցել է Շայբանիների, 10-րդ դարի առաջին կեսին` Կայսիկների արաբական ամիրայություններին: Բազմաթիվ պատմական անցքերից հետո 1915 թվականի հունիսին Բաղեշի  ողջ շրջանի հայ բնակչությունը ենթարկվեց սարսափելի ջարդի, որից հետո Բաղեշը դադարեց հայաբնակ լինելուց:

1916 թվականի փետրվարի 18-ին Հայկական կամավորական առաջին գունդը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ գրավեցին Բաղեշի բերդը: Շուտով թուրքական զորքերը կրկին գրավում են Բաղեշը` վերջնականապես հայաթափելով այն: