Արևմտյան Հայաստանի Ջիլո լեռան սառցադաշտերը, որոնք, ըստ հաշվարկների, առաջացել են մոտ 20000 տարի առաջ, գրեթե ամբողջությամբ հալվել են։ Թեև սառցադաշտերի հալվելը բացատրվում է գլոբալ տաքացման գործոնով, այնուամենայնիվ իրականությունը հուշում է, որ այս հալոցքը չի կարող բացատրվել միայն կլիմայական ճգնաժամով։ Սառցադաշտերի հալեցման ամենաակնառու պատճառները այստեղ պետության կողմից իրականացվող ռազմական գործողություններն են և այդ գործողություններում օգտագործվող քիմիական գազերը։ Տասնամյակներ շարունակ այստեղ տոննաներով ռումբեր են պայթել:

Մյուս կողմից, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ազգային պարկեր հայտարարված Ջիլո և Սաթ լեռներում չեն ձեռնարկվել անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ։ հայտնի է, որ Ջիլոյի հովտում տեղակայված հիդրոէլեկտրակայանը  ջերմոցային գազեր է  արտանետում և մեծացնում է գոլորշիացման ծավալը։ Սահմանային ոստիկանատների շինարարությունը, հանքարդյունաբերությունը և ՀԷԿ-ի առկայությունը բացասաբար են ազդել ոչ միայն սառցադաշտերի, այլև հովտի ողջ էկոհամակարգի և բնական հավասարակշռության վրա: Ջիլոյի սառցադաշտերի տարածքում, այն պաշտպանելու փոխարեն ամրացվել են բետոնե սյուներ և կառուցվել են ճանապարհներ՝ ռազմական գործողությունների համար, անտեսելով տարածաշրջանի զգայուն բնական կառուցվածքը։

Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի բնական ռեսուրների գերօգտագործումը հանգեցրել է մեծ էկոլոգիական խնդիրների, որոնց մասին բավականին երկար ժամանակ է ինչ բարձրաձայնում է Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերությունը, ակնկալելով միջազգային պատկան կառույցների համապատասխան արձագանքը։ Ջիլո լեռը իր նշանակությամբ Արևմտյան Հայաստանի կարևորագույն բնության հուշարձաններից մեկն է, որտեղ պահպանվել են հազարամյակների սառացաշերտերը, իսկ դրանց ուսումնասիրություններն դեռ շատ գաղտնիքներ կարող են բացել հայի ինքնության և այդ վայրի բնիկ ժողովուրդ լինելու մասին։