Մենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից մեր բնակության վայրերի օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետության այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ահաբեկչական վարձկանների կիրառմամբ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում մենք՝ Արցախի Հանրապետության բնակիչներս (նաև նախկին ԼՂԻՄ-ի բնակիչներս) կորցրեցինք մեր տները, ունեցվածքը, պատմական և հոգեւոր արժեքները, և մեր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունը։

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակիչների կարծիքը, այն է՝ մեր օրինական ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվել է մեր կողմից 1988 թվականին և հաստատվել այդ իրավունքի իրականացման համար մեր 32 տարվա պայքարով։

Ռասայական խտրականության քաղաքականությունը, հայատյացությունը և Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքի հայերից էթնիկ զտմանը, խաղաղ բնակչության դաժան սպանությունները, խաղաղ բնակչության դեմ զենքի արգելված տեսակների կիրառումը և Լաչինի մարդասիրական միջանցքի գրավման և Բերձոր քաղաքի, Ահավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչների բռնի տեղահանման հետ կապված վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչները ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ։ Նույնի մասին է զգուշացնում նաև Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որը երկրորդ նախազգուշացումն է ուղարկել Ադրբեջանին:

Մենք հույսով սպասում ենք Արցախի Հանրապետության հիմնախնդրի արդարացի երկարաժամկետ լուծում՝ միջազգային կոնվենցիաների հիման վրա նրա բնակիչների իրավունքների պաշտպանության շրջանակներում։