Հույն հնագետների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին վճռական միջամտություն ցուցաբերել՝ Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար, հայտնում է Art News-ը։

Աշխարհի ամենակարեւոր կրոնական եւ մշակութային վայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիան, 1985-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ էր դարձել: Այն ի սկզբանե որպես եկեղեցի էր կառուցվել, սակայն 2020-ին Թուրքիայի կառավարությունը խիստ վիճահարույց որոշում կայացրեց՝ այն մզկիթի վերածելով։ Ըստ SEA-ի, բյուզանդական դարաշրջանի տաճարը տարիների ընթացքում վնասման եւ վանդալիզմի է ենթարկվել:

Նամակում SEA-ն խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որի պաշտպանության տակ է գտնվում օբյեկտը, «վճռականորեն միջամտություն ցուցաբերել ներկայիս իրավիճակը փոխելու համար, ինչը միայն վտանգներ է ստեղծում Սուրբ Սոֆիայի համար»: SEA-ն օբյեկտի ներկայիս կառավարումն «ավերիչ» է անվանել:

Սուրբ Սոֆիան, մինչեւ 1453 թվականը որպես աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճար է ծառայել: Այդ ժամանակ Կոստանդնուպոլիսը գրավվել էր Օսմանյան կայսրության կողմից, իսկ Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածվել։ Այնուհետեւ 1935 թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն այն թանգարանի էր վերածել։