Ջրասուզակները, ուսումնասիրություն կատարելով Արևմտյան Հայաստանի սոդայով հարուստ ամենամեծ  լճի՝ Վանա լճի խորքերում, ապշել են միկրոբիալիտներից (կորալային գոյացություններ) դուրս եկող հանքային ջրի պղպջակների տեսարանից, որը ծխի է նմանվում։ Այս պղպջակները, որոնք ըստ նախնական վարկածի դիտարկվում են որպես հանքային ջուր, հիացրել ու զարմացրել են ջրասուզակներին։

Բիթլիսի Էրեն համալսարանի դասախոս, դոկտ. Ջիհան Օնենը, ով երկար տարիներ ուսումնասիրություններ է անում Վանա լճում և շրջակայքում, այսպես է ներկայացրել իր տեսածը․«Վերջերս մենք  սուզվեցինք դեպի Վանա լճի առեղծվածային վայրերը։ Սիրողական բնույթի այս ուսումնասիրությունը կատարել ենք այն վայրերում, որտեղ սովորաբար մարդիկ չեն կարողանում հասնել: Լճի հատակում հանդիպեցինք շատ հետաքրքիր տեսարանների, ականատես եղանք ընդերքից դուրս եկող ահռելի պղպջակների։ Այնքան տպավորվեցինք տեսարանով, որ փորձեցինք նկարահանել։ սակայն ուժգին ալիքների պատճառով մեր արժեքավոր սարքավորումներն ու հեռախոսները մնացին լճի մեջ։ Իհարկե մեր տեսած գեղեցիկ տեսարանն ավելին արժեր, քան մեր կորցրածը»։

Արևմտյան Հայաստանում՝ հատկապես Վանա լճում լուրջ ուսումնասիրություններ է անհրաժեշտ իրականացնել, բայց միայն պեղումներ իրականացնող  հայկական խմբերի միջոցով, որպեսզի չխեղաթյուրվի պատմությունը, իսկ դրա արդյունքում վստահաբար շատ գաղտնիքներ կբացահայտվեն հայի ծագման և ինքնության դարավոր լինելու մասին։